Այսօր վաղ առավոտից Շահումյան հրապարակում և հարակից տարածքում են հավաքվել System of a down խմբի բազմաթիվ երկրպագուներ, որպեսզի կարողանան առաջին շարքերում կանգնել և հետևել իրենց սիրելի խմբի համերգին:
Հավաքվածների մեծ մասը երգում էր SOAD-ի երգերը, խմբի գրությամբ շապիկներ էին հագել, մի մասը սնվում էր, որպեսզի դիմանա մինչև երեկո, մի մասը քնել էր գետնին, ոմանք խաղաքարտ էին խաղում: Գերակշիռ մասն էլ պարզապես մայթերին ու ճանապարհին նստած սպասում էր:
Երկրպագուներից մեկն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չի հոգնի մինչև երեկո սպասելուց: SOAD-ն այն խումբն է, որ իր երաժշտությամբ աշխարհի ուշադրությունը հրավիրում է Ցեղասպանության հարցի վրա, իսկ ինքը պարտավոր է գալ ու կանգնել նրանց կողքին:
Բոլորի տրամադրությունը շատ բարձր էր: Խմում էին ու սպասում մինչև 20:00-ն։