Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ապրիլի 17-19 կայացած Սամուրղաշև եղբայրների անվան հունահռոմեական ոճի հոբելյանական՝ 15-րդ պատանեկան միջազգային մրցաշարում, որին մասնակցեցին քսանից ավելի երկրների մարզիկներ, ՀՀ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ հանդես եկած Հայաստանի 13 ըմբիշներից 10-ը պայքարեցին մեդալների համար, որոնցից հինգին հաջողվեց կանգնել պատվո պատվանդանին: Այդ մասին է հայտնում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
46 կգ քաշային Սերգեյ Սիմոնյանը, անձնական մարզիչ Ալեքսան Հովհաննիսյան, ու 54 կգ քաշային, էջմիածինցի Էդգար Թամազյանը, անձնական մարզիչ Սիմոն Կարապետյան դարձան մրցաշարի հաղթող: Էդգարն, ի դեպ, եզրափակիչ տանող ճանապարհին հաղթեց նաև այս քաշային կարգում երրորդ տեղ գրաված, Արմեն Առաքելյանի սան Արարատ Մանուչարյանին: Բրոնզե մեդալակիր դարձավ նաև Արսեն Մակբեցյանի սան, 63 կգ քաշային Մալխաս Ամոյանը՝ Ռոման Ամոյանի զարմիկը, իսկ Վարուժան Աղաբաբյանի 76 կգ քաշային սան Արսեն Սարգսյանը տանուլ տվեց միայն եզրափակիչ գոտեմարտը և բավարարվեց երկրորդ տեղով:
Մրցաշարի վերաբերյալ կարծիք է հայտնել ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, մրցաշարի պատվավոր հյուր Լևոն Ջուլֆալակյանը:
«Շատ բարձր մակարդակով կազմակերպված մրցումներ էին: Բարձր էր նաև մարզիկների մակարդակը: Իսկ Հայաստանի պատանի ըմբիշները պարզապես լավ հանդես եկան: Ինքներդ պատկերացրեք՝ 13 ըմբիշներից 10-ը պայքարեցին մեդալի համար: Տղաների մեջ տեսա ներուժ, որը զարգացնելու դեպքում լուրջ հաջողություններ կգրանցեն»,-ասալ է Սեուլի օլիմպիական չեմպիոնը: