Ֆրանսահայ ընկերակցությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների երկամսյա կալանքին, թե որքանով է ֆրանսահայ համայնքը հետաքրքրված Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, նշեց, որ համայնքի անունից չի կարող ասել, սակայն, իր կարծիքով, սփյուռքին ապրիլի 24-ի ցույցին հրավիրելը մի քիչ քաղաքական սխալ է, մյուս կողմից՝ նրանց կալանավորելը ճիշտ պատասխան չէ:
Հարցին՝ Ժիրայր Սեֆիլյանը և «Հիմնադիր խորհրդարանը» որքանո՞վ աջակցություն ունեն, նշեց, որ մի խումբ կա, որ աջակցում է, երբեմն ցույցեր է անում, մեծ կազմակերպություն չէ, մոտ 100-150 հոգի են: «Քիչ չէ, շատ էլ չէ»,- նշեց Արա Թորանյանը:
Ըստ նրա՝ քաղաքական կյանքում կան պահեր, որ պետք է հարգել, սա սուրբ հարյուրամյակ է:
«Կարծում եմ՝ կարող էին ամսի 25-ին անել իրենց միջոցառումները, և հենց սա է, որ օգտագործվեց, ինչը տխուր է: Քաղբանտարկյալ ունենալը ճիշտ պատասխան չէ իշխանության կողմից:
Արա Թորանյանը տեղեկացրեց, որ Ֆրանսուա Օլանդի պատվիրակության հետ ինքը նույնպես կլինի Հայաստանում ապրիլի 24-ին: Այս պահին, սակայն, դեռ չգիտեն՝ ինչ կազմով են գալու: