«Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու դեպքում ԱՄՆ-ը ունի մի խնդիր, որից ամեն կերպ ցանկանում է ազատվել՝ դա Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններն են»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած Տարածաշրջանի իրանական գարունը քննարկման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Վերջինիս խոսքերով՝ գաղափարախոսական առումով այդ երկրի հետ հարաբերությունները ազդում են ԱՄՆ կերպարի վրա համաշխարհային հանրության շրջանում, և նրա հասցեին անընդհատ երկակի ստանդարտների հետ կապված մեղադրանքներ են հնչում:
«Մեղադրանքներ են հնչում նաև նույն Իրանի կողմից, քանի որ այդ երկիրը Սաուդյան Արաբիայի հետ համեմատած ժողովրդավարության կղզյակ է: Այս տեսակետից, կարծում եմ, որ միգուցե ԱՄՆ ներսում հասունացել է նաև Պարսից ծոցի տարածաշրջանի միապետական երկրներում որոշակի փոփոխություններ իրականացնելու հարցը»,- ասաց Վ. Ոսկանյանը: