«Եթե ես կդառնամ որևէ քրեական գործի սուբյեկտ, թող խուզարկեն: Ես տանը հակագազ չունեմ, յոդ կա, սոդայի առկայության մասին էլ տնային տնտեսուհուն պետք է հարցնել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Ի պատասխան լրագրողների հարցին, թե հեղափոխությա՞ն է պատրաստվում, Պողոսյանն անակնկալի եկած ասաց. «Իհա՛րկե ոչ»:
Հիշեցնենք, որ «Նախախորհրդարանի» անդամներից մեկի տանը նախօրեին իրականացված խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր սոդա, կենցաղում անհրաժեշտ ինչ-որ իրեր, մահակ, որոնք որակվել էին որպես զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործիքներ:
Փոխոստիկանապետն ասաց, որ այդ օրը ոստիկանությունը նախաքննական մարմնին պարզապես աջակցություն է ցուցաբերել, այլ բան ասել չի կարող: Մնացած հարցերը քննչական կոմիտեի իրավասության տիրույթում են:
«Քրեական գործի վերաբերյալ մենք ընդհանրապես տեղեկություններ չունենք»,- ասաց Պողոսյանը: