Հունաստանի ներքին գործերի նախարար Նիկոս Վուտսիսը սպառնացել է հետաձգել Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) վարկի վճարումը, որը իր երկրի կառավարությունը պետք է մարի ընթացիկ ամսվա սկզբին՝ գրում է TASS-ը: Խոսքը 450 մլն եվրո վարկի մասին է, որն Աթենքը պետք է վերադարձնի ապրիլի 9-ին:
«Օգոստոսից մենք ոչ մի եվրո չենք ստացել, աշխարհում ոչ մի այլ երկիր չկա, որը վճարում է պարտքերը միայն սեփական միջոցներով՝ առանց վարկեր վերցնելու»,- ասել է Վուտսիսը: «Եթե մինչև ապրիլի 9-ը նոր միջոցներ չստացվեն, մենք նախևառաջ կվճարենք աշխատավարձերն ու թոշակներն այստեղ՝ Հունաստանում, իսկ հետո արտասահմանցի մեր գործընկերներից կխնդրենք աջակցություն և ըմբռնում առ այն, որ մենք ԱՄՀ-ին նշված ժամկետում չենք վերադարձնի 450 մլն եվրոն»,- հավելել է նա:
Նա նաև ընդգծել է, որ վճարման ժամկետի տեղափոխումը պետք է տեղի ունենա վարկատուների «համաձայնությամբ՝ չվճարելուց խուսափելու համար»: