«ՀՀ պաշտոնական վիճակագրության տվյալներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ միայն այս տարվա փետրվարին Հայաստանի մի քանի մարզերում վաճառվել են պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող 92,86 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողեր: Վաճառված հողերի մեծ մասը՝53,67 հեկտարը, եղել են Արմավիրի մարզի պետական կամ համայնքային սեփականության: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Արմավիրում պետական հողերը վաճառվել են միջինը 1 ք/մ-ը 5,3 դրամով: Իսկ, ահա. Վայոց Ձորի մարզում 9 հեկտար հողը վաճառվել է միջինը 4,8 դրամով:
Այն, որ Հայաստանի մեծ ու փոքր պաշտոնյաները թալանում են պետական ունեցվածքը, վաղուց հայտնի իրողություն է, սակայն, որ դա կարող է նման լկտի ձևով արվել, նույնիսկ հայկական իրողության համար չափազանցություն է թվում: Կասկածից վեր է, որ վաճառված պետական հողերը հետագայում դառնում են այս կամ այն պաշտոնյայի սեփականությունը: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի բոլոր քիչ թե շատ կշիռ ունեցող պաշտոնյաները տասնյակ, իսկ երբեմն նաև՝ հարյուրավոր հեկտարներով հողեր ունեն: Այդ հողերի հաշվին պաշտոնյաներն իրենց հայտարարագրերում նշում են, թե իբր գյուղատնտեսությունից անհավանական չափերի եկամուտներ են ունեցել, ասենք՝ մի քանի հարյուր կամ միլիոն դոլարի չափով, և այդպիսով օրինականացնում են պետբյուջեից գողացված «սև փողերի» մի մասը: Այլ կերպ ասած՝ հողերը պաշտոնյաներին հարկավոր են՝ հանցավոր ճանապարհով ձեռքբերված եկամուտները «լվանալու» համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։