Դոնբասում կրակի դադարեցման մասին հայտարարման պահից ի վեր զոհվել են ուկրաինացի 75 զինվորականներ, վնասվածքներ ստացել մոտ 400-ը։ Այս մասին հայտնել է վարչապետ Արսենի Յացենյուկը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի կառավարության մամլո ծառայությունը՝ փոխանցում է Korrespondent.net-ը։
«Կրակոցների թվաքանակը նվազել է, սակայն Ուկրաինայի կողմից կրակի դադարեցման մեկնարկից ի վեր, ցավոք սրտի, Ռուսաստանի կողմից նման հրադադար տեղի չի ունեցել, և մենք կորցրել ենք 75 ուկրաինացի զինծառայող, մոտ 400-ը վիրավորվել են»,- հայտարարել է Յացենյուկը։
Վարչապետի խոսքով՝ Մինսկի պայմանավորվածությունները միակ ճանապարհային քարտեզն են, որ կարող է տանել իրավիճակի խաղաղ կարգավորման։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յացենյուկը Բեռլինում կողմ է արտահայտվել Դոնբասում ընտրությունների շուտափույթ անցկացմանը։