Ամերիկյան Newsweek ամսագիրը, հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը, գրում է Ուկրաինայում «ռուսական հիբրիդային պատերազմի» նոր փուլի մասին: Այդ գործողությունների նպատակը երկիրն «ապակայունացնելն է», ասվում է հոդվածում:
Պարբերականը պատմում է Ուկրաինայի անվտանգության ծառայության տեղեկատվական անվտանգության ոլորտում հակահետախուզության դեպարտամենտի մասին, որը ղեկավարում է Վիտալի Նայդան: Այդ ստորաբաժանումը համացանցում հետևում է մոտ 600 «հակաուկրաինական» խմբերի, որոնց անդամ են հարյուր հազարավոր օգտատերեր, գրում է ամսագիրը:
Ներկայումս այն հետևել է խմբերի 29 ադմինիստրատորների և առանձին անձանց նամակագրությանը, որոնք օգտագործում են, ինչպես նշվում է հոդվածում, ռուսական հատուկ ծառայությունների հետ կապված էջերը:
Բացի դրանից՝ պարբերականը նշում է, որ Ուկրաինայում ոչ մի շաբաթ չի անցնում առանց ահաբեկչության հետ ինչ-որ կերպ կապված դեպքի: Որպես օրինակ ամսագիրը բերում է պայթյունի կեղծ սպառնալիքը, որը «փակել է» Լվովի օդանավակայանը, և Օդեսայում պայթյունների շարքը:
Նայդայի խոսքով՝ խնդիրը «իրավիճակն ապակայունացնելն է, խուճապ ստեղծելը, տնտեսությունը վնասելը», թիրախներն են՝ Կիևը, Խարկովը, Դնեպրոպետրովսկը,Օդեսան և Ռուսաստանի ու Ղրիմի միջև պոտենցիալ միջանցքը, այսինքն՝ Մարիուպոլը, Խերսոնը և Նիկոլաևը: Ինչպիսին էլ լինի հարձակումների դրդապատճառը՝ ակնհայտ է, որ դրանք շարունակվում են, գրում է ամսագիրը: