Իրանում ապրիլի 1-ին նշում են պետական հիմնական տոներից մեկը՝ Հանրապետության օրը: Դա Իրանի Իսլամական Հանրապետության հռչակման օրն է: Այդպես է երկիրը սկսել կոչվել 1979թ. Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո՝ հայտնում է TASS-ը:
Իրանի ապագա պետական կառուցվածքի վերաբերյալ հանրաքվեն տեղի է ունեցել 1979թ. մարտի 30-31-ը: Հանրաքվեին մասնակցել է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 92.5%-ը: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Իսլամական Հանրապետության օգտին է քվեարկել մասնակիցների ավելի քան 99%-ը: Այդ օրերի հարցումները ցույց են տվել, որ մարդիկ այդ ընտրությունն արել են երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման հույսով, ինչպես նաև հակաիմպերիալիստական տրամադրություններով:
«Այս օրը ես հայտարարում եմ Ալլահի կառավարման առաջին օրը»,- ժողովրդին հղված ուղերձում այսպիսի ապրիլմեկյան հայտարարությամբ է հանդես եկել այաթոլլա Ռուհոլլա Մուսավի Խոմեյնին (1903-1989), որը պաշտոնապես հռչակել է Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Մարտի հանրաքվեն պաշտոնապես օրինականացրել է Իրանում փետրվարյան հակաշահական հեղափոխության արդյունքները և վերջ է դրել իրանական 2500-ամյա միապետությանը՝ երկրի պատմության մեջ առաջին անգամ սահմանելով հանրապետական համակարգ: Իրանի պետական համակարգը՝ հիմնված շարիաթի վրա, վերջնականապես ամրագրվել է նոր Սահմանադրության մեջ, որը համազգային հանրաքվեով ընդունվել է 1979թ. դեկտեմբերին:
Իրանում Հանրապետության օրը համընկնում է Նովրուզի՝ մուսուլմանական Նոր տարվա տոնի կապակցությամբ երկշաբաթյա արձակուրդի հետ: Մարդիկ աշխատում են գնալ բնության գիրկը, ժամանակ անցկացնել թարմ օդի պայմաններում:
Հանրապետության օրվա նախօրեին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրամանագիր է ստորագրել 809 բանտարկյալների համաներման և պատժի մեղմացման մասին: