– Պարո՛ն Սահակյան, ինչպե՞ս եք մեկնաբանում այն երևույթները, երբ ընդդիմության հանրահավաքների ժամանակ միշտ ինչ-որ միջամտություններ, խոչընդոտներ են լինում, բայց ոչ ոք հիմնականում պատասխանատվության չի ենթարկվում: Թեկուզ` Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու դեպքը: Դանակահարողի լուսանկարը կա, բայց, կարծես, իրավապահ մարմիններն այդ ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկում:
– Ձեր հարցադրումն այդքան էլ ճիշտ չէ, որովհետև վերջին դեպքերն այնպես ներկայացրեցիք, կարծես ոչ մի դեպք ո՛չ բացահայտվել է, ո՛չ քրեական գործ է հարուցվել կամ իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում չէ:
– Եթե անգամ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է, համարժեք վերջաբան չի ունենում՝ պատասխանատվությունը, կարծես, համարժեք չի ստացվում:
– Ես կդժվարանամ մտաբերել նման դեպքեր: Իհարկե, կան դեպքեր, որ բացահայտում չի եղել, բայց այնպես չէ, որ դրանք համատարած բնույթ են կրում, և անընդհատ խոչընդոտվում են մեր ընդդիմադիր գործընկերների հանրահավաքները կամ գործունեությունը: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում բազմաթիվ հանրահավաքներ են եղել մեր ընդդիմադիր գործընկերների կողմից, և որևիցե նման միջադեպ չի արձանագրվել: Մենք ևս նման դեպքերը դատապարտում ենք, և խնդիրը գտնվում է բացարձակապես իրավական հարթության մեջ: Իրավապահ համակարգը, կարծում եմ, միջոցներ կձեռնարկի, որպեսզի շուտափույթ բացահայտվի այդ գործը: Եվ մի իրավիճակ է ստեղծվել, երբ այդ` Նախախորհրդարան կոչված կառույցը փորձում է որոշակի գործունեություն ծավալել, որը կարծես թե ո՛չ քաղաքական դաշտում է հավանության արժանացել, ո՛չ էլ հանրության շրջանում: