Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Heat ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ Քիմ Քարդաշյանի հարազատն է:
Լրագրողի այն հարցին՝ արդյոք Քեմերոնը դիտե՞լ է «Քարդաշյան ընտանիքը» շոուն, քաղաքական գործիչը բացասական պատասխան է տվել, սակայն նշել է, որ աստղի 13-րդ սերնդի զարմիկն է: geni.com ծագումնաբանական կայքի տվյալներով՝ Քարդաշյանի և Քեմերոնի ընդհանուր նախնին ոմն Սթենսորն է, ով ծնվել է 1555 թ.:
Բրիտանիայի վարչապետը պատմել է նաև առնետներից իր վախի մասին: «Մի անգամ գիշերվա կեսին խոհանոցում առնետ տեսա, դա սարսափելի էր: Ես կուզենայի ասել, որ մինչև գոտկատեղս հանվեցի և սկսեցի պայքարել կրծողի դեմ, սակայն այդպես չեղավ: Արդյունքում այն թաքնվեց հատակի տակ»,- հիշել է վարչապետը 2011 թ. տեղի ունեցած դեպքը: Քեմերոնն ավելացրել է, որ ստիպված է եղել Դաունինգ-սթրիթի իր նստավայրում կատու պահել, որը պայքարում է առնետների դեմ:
Ընդ որում՝ նա պատմել է, որ բացարձակապես չի վախենում սարդերից: «Եթե լոգարանում սարդ եք տեսել, կանչեք ինձ, ես այդ սարսափելի արարածի հախից կգամ»,- հայտարարել է վարչապետը:
Քեմերոնը տեղեկացրել է, որ միաժամանակ մի քանի գործ անել չի կարողանում: «Ես չեմ կարող միաժամանակ վազել և երաժշտություն լսել: Չեմ հասկանում, թե դա մարդկանց ինչպես է հաջողվում»,- ասել է քաղաքական գործիչը:
Քեմերոնը պատմել է, որ մանուկ ժամանակ երազել է զինվոր, բեռնատարի վարորդ կամ ֆերմեր դառնալ: