Այսօր Ազգային ժողովում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
«Դատապարտում ենք հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության փաստը, ոգեկոչում ենք 1915թ. Հայերի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և համերաշխ ենք Հայաստանի ու հայ ժողովրդի հետ՝ Ցեղասպանության համաշխարհային ճանաչման և այդ ցեղասպանությանը ենթարկված անձանց իրավունքների վերականգնման համար մղվող պայքարում»,- նշված է բանաձևում:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում սկսվել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը, որին մասնակցում էին եվրոպական տասներկու երկրների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ Հայաստանն այդ կառույցում ներկայացնում է Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Շատ կարևորում եմ այս բանաձևն այն առումով, որ եվրոպական շատ կարևոր երկրների՝ Ֆրանսիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Իտալիայի, Շվեյցարիայի խորհրդարանականներն են ստորագրում այս բանաձևի տակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մ. Եսայանը:
Պատգամավորը կարևորեց թե այդ համաժողովը Հայաստանում անցկացնելու իրողությունը, թե այս բանաձևի ընդունումը: «Սա կարևոր փուլ է, քանի որ մենք եզրափակում ենք Հայաստանում սկսված եվրոպական միամսյակը: Գիտեք, որ և «Եվրանեսթի», և Հայաստան-Եվրամիություն համագործակցության պատգամավորական կոմիտեն ընդունեցին Ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր: Ես ուրախ եմ ու նաև հպարտ, որ այն կառույցը, որտեղ ես ներկայացնում եմ Հայաստանը, դրա եվրոպական տարածաշրջանային նախագահների կոմիտեն նույնպես Ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունեց»,- ասաց Մ. Եսայանը: