«Ես անհատապես ափսոսում եմ, որ Հայաստանը չստորագրեց նույն ժամանակ, ինչ-որ Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան, բայց ես հասկանում եմ, որ այսօր Հայաստանը չի կարող ինքնուրույն որոշումներ ընդունել, և մենք բոլորս դա շատ լավ հասկանում ենք»,- ասաց Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպական տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Պոլ Վահլին՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է պատրաստ Եվրոպան առաջարկել Հայաստանին՝ նկատի ունենալով, որ Հայաստանը Ռուսաստանի նման գործընկեր ունի:
Նա նշեց, որ գուցե դա Հայաստանի համար միակ ելքն էր, որպեսզի Ուկրաինայի իրադարձությունները տեղի չունենային նաև այստեղ: «Բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները ժամանակի ընթացքում կթուլանան, և Հայաստանի ապագան Եվրամիության մեջ է: Ոչ թե ընդհանուր եվրոպական ընտանիքում, այլ հենց ԵՄ մեջ»,- հավելեց Վահլին:
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը պատրաստվում է Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ֆրանկոֆոնիայի ԽՎ եվրոպական տարածաշրջանի ղեկավար Ժան-Պոլ Վահլին։
Ազգային ժողովում այսօր տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի խորհրդաժողովի եվրոպայի տարածաշրջանի բաժանմունքների նախագահների համաժողովը։