«Իսկապես, Ադրբեջանում կա պատերազմը վերսկսելու տրամադրվածություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց Բաքվի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն՝ ի պատասխան ռուս փորձագետների այն տեսակետներին, որ եթե Ադրբեջանի նախաձեռնած դիվերսիոն գործողությունները հաջողությամբ պսակվեն, ապա նրանք կարող են լայնածավալ պատերազմի գնալ:
Մեր զրուցակցի կարծիքով՝ հիմա միջազգային հանրությունն էլ հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում շփման գծում, վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը հետաքրքրված չէ այդ հակամարտության կարգավորմամբ։ Նրանք գրողի ծոցն են ուղարկել կարգավորումը, և ամեն ինչ մնում է Հայաստանի ու Ադրբեջանի ուսերին»,- ասաց փորձագետը՝ ասելով, թե, իր կարծիքով, Հայաստանը քայլեր չի անում խաղաղ կարգավորման համար:
«Եթե չկա խաղաղ կարգավորման հասնելու մեխանիզմ և ցանկություն, ապա իր խոսքը կասի զենքը, և ես կարծում եմ, որ այս առումով Ռուսաստանի դերն է մեծ լինելու»,- նշեց Ահմեդօղլուն:
Մեր այն հարցին, թե Ռուսաստանը հետաքրքրվա՞ծ է հակամարտության կարգավորմամբ, թե՞ ուզում է խնդիրը չլուծված թողնել, որպեսզի մշտապես ներկայություն ունենա Հարավային Կովկասում, փորձագետը պատասխանեց․«Ռուսաստանը հետաքրքված չէ պատերազմով, որովհետև նա երաշխիք չունի, որ պատերազմը չի հասնի նաև Հյուսիսային Կովկաս: Ռուսաստանն ուզում է թողնել կարգավորումն այն իրավիճակում, ինչ վիճակում որ կա»:
Մուբարիզ Ահմեդօղլուն հավելեց, որ, հետևելով Ռուսաստանի կողմից հնչող պաշտոնական և ոչ պաշտոնական տեսակետներին, կարծիք է կազմում, որ Ռուսաստանն էլ է ուզում, որ «Հայաստանը Ադրբեջանին վերադարձնի «օկուպացված» 7 շրջանները»:
Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցը նշեց, որ, չնայած իրավիճակի լարմանը և պատերազմը վերսկսելու հավանականությանը, Ադրբեջանի հասարակությունը տրամադրված է հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Մեր երիտասարդությունը հիմա ուսում է ստանում, աշխատում է, հետաքրքրված են ընտանիքներ ստեղծելով, մենք չենք ուզում պատերազմ: Հիմա Հայաստանը նման պատրաստակամություն չի հայտնում, պարզապես հայտարարում են, բայց կոնկրետ քայլեր մենք չենք տեսնում: Հայաստանը պետք է մեզ հետ նստի սեղանի շուրջ, ու միասին հասնենք խաղաղ կարգավորման: Մենք համոզված ենք, որ հայ հասարակությունն էլ՝ լրագրողները, փորձագետները, հակված են հասնելու խաղաղ կարգավորման, իսկ իշխանությունները դրա համար գործնական քայլեր չեն անում»,- եզրափակեց մեր զրուցակիցը: