Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հայտարարում է, որ երկրի պաշտպանունակության ամրապնդման նպատակով ՆԱՏՕ-ից ամենամեծ օգնությունը Վրաստանն է ստանում: Այս մասին նա հայտարարել է Վրաստանի Ատլանտյան խորհրդին տված առցանց հարցազրույցի ընթացքում, որը հրապարակված է խորհրդի կայքում:
«Մենք կիսում ենք կարծիքը, որ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան ուժեղ ճնշում են զգում Ռուսաստանի կողմից նրանց քաղաքական կուրսը փոխելու և Մոսկվայի ուղեծիր վերադարձնելու նպատակով: Մենք նաև հավատում ենք, որ բոլոր 3 երկրներն ավելի մեծ աջակցության են արժանի իրենց պաշտպանական հզորություններն ամրապնդելու համար: Կարող եմ ասել, որ Վրաստանը ներկայումս ՆԱՏՕ-ից ամենամեծ օգնությունն է ստանում իր պաշտպանունակության ամրապնդման տեսանկյունից»,- հայտարարել է Ապաթուրայը:
Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն Վրաստանում ուսումնական կենտրոն է ստեղծում, պաշտպանական ներուժի մեծացման դպրոց, այս ամառ համատեղ զորավարժություններ կանցկացնի, պաշտպանության նախարարություն է ուղարկում իր փորձագետներին: «Եթե դաշինքի անդամ առանձին երկրներ Վրաստանին երկկողմ աջակցություն առաջարկեն, նրանք այդպիսով կհամալրեն ՆԱՏՕ-ի ջանքերն այդ ուղղությամբ»,- նշել է Ապաթուրայը: