Սինգապուրի ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա դեռահասի, որը համացանցում տեսանյութ է տեղադրել երկրի առաջին վարչապետ Լի Քուան Յուի հասցեին ուղղված քննադատական արտահայտություններով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ ոստիկանություն տասնյակ բողոքներ են ստացվել YouTube-ում տեղադրված «Լի Քուան Յուն վերջապես մեռած է» տեսանյութի դեմ:
«Լի Քուան Յուն սարսափելի մարդ էր. բոլորը վախենում են, որ եթե այդպիսի մի բան ասեն, իրենց խնդիրներ կսպառնան»,- տեսախցիկի առջև ասում է դեռահասը:
Նա նաև Սինգապուրի հիմնադրին համեմատում է Հիսուս Քրիստոսի հետ՝ հայտարարելով, որ երկուսն էլ իշխանության ծարավ մարդիկ են եղել, բայց բարի և կարեկից են ձևացել:
Լի Քուան Յուն մահացել է անցած երկուշաբթի օրը 91 տարեկանում՝ երկարատև հիվանդությունից հետո: Նա համարվում է սինգապուրյան «տնտեսական հրաշքի» կերտողներից մեկը, սակայն ընդդիմադիրները նրան մեղադրում են չափազանց դաժանության մեջ: