ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը զգալիորեն համալրել է իր շարքերն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի գլխավորությամբ դաշնակիցների կոալիցիան սկսեց ավիահարվածներ հասցնել գրոհայինների դիրքերին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Երբեմն հնարավոր է (ավիահարվածներից) օգուտ ստանալ տեղային նշանակության, սակայն ընդհանուր առմամբ ինչ վերաբերում է ԴԱԻՇ-ին, խմբավորումն աճել է ավիահարվածների մեկնարկից հետո»,- ասել է Ասադը՝ հավելելով, որ որոշ գնահատականներով՝ խմբավորման թվաքանակը Սիրիայում ամսական մոտ 1000 մարդով ավելանում է։
Ասադը նշել է, որ նման խնդրի են բախվում Իրաքի և Լիբիայի իշխանությունները, որտեղ ԴԱԻՇ-ը նույնպես վերահսկում է վիթխարի տարածքներ, հատկապես այն բանից հետո, երբ այլ իսլամիստական արմատական խմբավորումներ նրանց հավատարմության երդում են տվել։