Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Դաժան սպանություն ծառայությունից հետո. 23-ամյա Ավետիքը դանակի հարվածներով կյանքից զրկել է իր բանակային հացընկերոջը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց Ավետիք Մնացականյանի գործի դատական քննությունը:

23-ամյա Ավետիք Մնացականյանը, ըստ մեղադրանքի, 2014 թվականի մայիսի 1-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում «սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ալբերտ Բժշկյանի կրծքավանդակի շրջանում՝ դիտավորությամբ նրան զրկելով կյանքից»:

Ավետիք Մնացականյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալ Ավետիքն ու տուժող Ալբերտը բանակային ընկերներ են եղել, «մի ամանից հաց են կերել», զինվորական կյանքի դժվարությունները միասին են կրել: Զորացրվելուց հետո շարունակել են հանդիպել, միմյանց տուն գնալ, իրար հետ հաց կիսել…

Սպանությունը տեղի է ունեցել տուժող Ալբերտի շենքի հարևանությամբ գտնվող տաղավարում, որտեղ Ավետիքը, Ալբերտը ու նրանց երրորդ ընկեր Մամիկոնը հանդիպել, նստել էին՝ պարզաբանում կատարելու: Օրեր առաջ Ավետիքի ու Ալբերտի միջև վիճաբանություն էր եղել: Այն ժամանակ ևս ներկա էր գտնվել Մամիկոնը:

Հենց դանակահարության պահին Մամիկոնը մոտ 30 մետր հեռավորության վրա է եղել՝ գնացել էր մոտակա ցայտաղբյուրից ջուր խմելու: Տաղավարում նստածների կողմից նա, իր ասելով, աղմուկ չի լսել: Աղմուկ չեն լսել նաև շրջակա շենքերի բնակիչները, տաղավարի մոտով անցնող մարդիկ:

Այնպիսի տպավորություն է, թե դանակահարությունը եղել է ակնթարթորեն: Հարևան շենքի բնակչուհին, որ լվացք էր փռում ու ոչ մի աղմուկ չէր լսում, տուն մտնելուն պես «անմարդկային գոռոց» է լսել ու իմացել, որ տաղավարում դանակահարել են իրենց հարևանի որդուն:

Դանակահարողն անմիջապես հեռացել է դեպքի վայրից: Շտապօգնություն է հրավիրվել, բուժքրոջ խոսքերով՝ «Տուժող երիտասարդը պառկած էր արյան մեջ կորած… Սիրտը լրիվ կտրատված էր, տամպոնները սրտի մեջ էինք մտցնում, որ արյունը կանգնեցնենք… Տուժողը բերանը բացում-փակում էր միայն: Կարելի է ասել՝ արդեն ողջ չէր, վերջին շունչն էր շնչում…»:

Տուժող Ալբերտի կյանքը փրկել հնարավոր չի եղել:

Գործով դատաքննությունն ավարտվել է:

Մեղադրող դատախազներն իրենց ճառում հաստատված գնահատեցին ամբաստանյալ Ավետիք Մնացականյանի մեղքը դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և միջնորդեցին, որ դատարանը նրան դատապարտի 13 տարի ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Գեղամ Հակոբյանը նախ ներկայացրեց քաղաքացիական հայցը: Նա ասաց. «Եղեռնական, անմարդկային գործողությունների հետևանքով անսահման վնաս է պատճառվել տուժողի ընտանիքին… Չկա դրամական չափ, որ կարող է ամոքել որդեկորույս ծնողների հոգեկան տառապանքը…»:

Այնուամենայնիվ, տուժող կողմը նյութականացրել էր իր պահանջը. ամբաստանյալից պահանջվում է 20 միլիոն դրամ՝ որպես ոչ նյութական՝ բարոյական վնասի հատուցում, 5 միլիոն դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված նյութական վնասի՝ հուղարկավորության ու գերեզմանի բարեկարգման հետ կապված ծախսերի հատուցում:

Ընդամենը՝ տուժող կողմի քաղհայցի պահանջը ամբաստանյալ Ավետիք Մնացականյանից 25 միլիոն դրամ է:

Փաստաբանը ներկայացրեց նաև տուժողի իրավահաջորդի խոսքը, որ վերջինս չէր կարողանում հրապարակել՝ հոգեկան ծանր վիճակի պատճառով:

Տուժողի իրավահաջորդի գրավոր խոսքում կասկած էր հայտնվում, թե որդու սպանության կազմակերպմանը մասնակից է եղել նաև դեպքին ներկա ու գործով վկայի կարգավիճակ ունեցող Մամիկոնը:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝  կատարվել է զազրելի ոճրագործություն, սպանություն՝ առանց լուրջ պատճառների, և իրեն անհասկանալի է, որ մեղադրանքի կողմը այդ սպանությունը որակել է որպես հասարակ սպանություն և դրա համար միջնորդել է մեղմ պատիժ՝ 13 տարի ազատազրկում:

Սպանված երիտասարդի ծնողների կարծիքով՝ իրենց վիշտը հասկանալու համար բավական է մտնել իրենց ընտանիք ու զգալ ամենօրյա ցավն ու տառապանքը, որ իրենք են կրում:

Նրանց կարծիքով՝ ամբաստանյալը մինչև անգամ չի զղջում կատարածի համար ու փորձ է անում խույս տալ պատասխանատվությունից: «Այդ ստահակը իմ անմեղ ու պարկեշտ որդու կյանքն է խլել…»:

Փաստաբան Գեղամ Հակոբյանը, անցնելով իր ճառին, ասաց, թե համաձայն է իր վստահորդների կարծիքին, որ ամբաստանյալի արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական չի տրվել: Առնվազն առկա է երկու որակյալ հատկանիշ՝ արարքը խուլիգանական դրդումներով և առանձին դաժանությամբ է կատարվել, բայց մեղադրանք առաջադրվել է ոչ թե ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով, այլ ընդամենը՝ 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ բանակային ընկերների միջև աննշան առիթով վիճաբանություն է եղել, ինչը վերաճել է դիտավորյալ սպանության:

Միաժամանակ փաստաբան Հակոբյանը նշեց, որ գիտի՝ դատարանն իրավունք չունի խստացման առումով փոփոխելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը: Այդ պատճառով փաստաբանը նշեց, որ «անարդարությունը կարող է փարատվել գոնե ճիշտ ու արդարացի պատիժ նշանակելով»:

Ըստ փաստաբանի՝ դատարանը պատիժ նշանակելիս, որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ՝ գոնե պիտի հաշվի առնի հանցագործությունը առանձին դաժանությամբ ու խուլիգանական դրդումներով կատարելը, այն, որ սպանությունը կատարվել է վրեժի շարժառիթով:

Տուժողի և ամբաստանյալի սկզբնական վիճաբանությունը՝ դեպքից օրեր առաջ, տուժողի՝ տեղին արված դիտողության պատճառով է եղել:

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ ամբաստանյալը տուժողին դանակի 9 հարված է հասցրել, հարվածների մեծ մասը վնասել է երիտասարդի սիրտը:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված առավելագույն պատիժը 15 տարի ազատազրկումն է, տուժող կողմը հենց այդ պատիժն է պահանջում, իսկ մեղադրողների միջնորդած 13 տարի ազատազրկումը, կողմի կարծիքով, ակնհայտ մեղմ պատիժ է Ավետիք Մնացականյանի համար: Միայն 15 տարի ազատազրկումը կարող է ինչ-որ կերպ նպաստել սոցիալական արդարության վերականգնմանը, ինչը պատժի հիմնական նպատակներից է:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը ցավով նշեց, որ ոչ մի պատիժ, իհարկե, տուժողներին չի վերադարձնի սպանված որդուն, բայց հոդվածի տվյալ մասով սահմանված առավելագույն պատժաչափը գոնե փոքրիկ քայլ կլինի սոցիալական արդարությունը վերականգնելու ճանապարհին:

Ամբաստանյալ Ավետիք Մնացականյանի շահերի պաշտպան, վերջերս ներգրավված հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Սիրանուշ Հարությունյանն իր ճառը սկսեց տուժողներին ցավակցություն հայտնելուց, ինչը սպանվածի հոր վրդովմունքն առաջացրեց:

Այնուհետև պաշտպանը նշեց, որ իր կարծիքով ևս իր պաշտպանյալի արարքը սխալ է որակվել: Նրա կատարածը դիտավորյալ սպանություն չէ:

Ըստ Ս. Հարությունյանի՝ արարքը կարող էր որակվել կամ որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն, կամ անհրաժեշտ պաշտպանության վիճակում կամ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանություն:

Ըստ պաշտպանի՝ դատարանը անհիմն կերպով է մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը՝ ամբաստանյալի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Գործով խիստ կարևոր կլիներ, որ առկա լիներ մասնագիտական եզրակացություն՝ հանցագործության պահին ամբաստանյալի հոգեվիճակի վերաբերյալ:

Սպանությունը կարող էր որակվել նաև որպես անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված հանցանք, որովհետև ամբաստանյալը նշել է, թե տուժողի հետ հանդիպման գնալիս ինքը նրան սպանելու դիտավորություն չի ունեցել: Նրան դանակով հարվածել է, որովհետև նա սկսել է հայհոյել իրեն ու հարվածներ հասցնել, իսկ ինքը տուժողից ֆիզիկապես թույլ էր, ինքը վիրավորվել է և անելանելիության զգացում է ունեցել, դանակով հարվածել է անզորությունից:

Ըստ պաշտպանի՝ գործով հաստատված չէ, որ վրեժի շարժառիթով է սպանությունը կատարվել:

Պաշտպանը դատարանին կոչ արեց նաև պատիժ նշանակելիս հաշվի առնել, որ ամբաստանյալին աշխատավայրում դրական են բնութագրել:

Ներկայացված քաղհայցի մասին պաշտպանն ասաց, թե իր պաշտպանյալը չի ընդունում այն, օրենքով հատուցվում են զուտ հուղարկավորության հետ կապված ողջամիտ ծախսերը, իսկ ներկայացված պահանջը ողջամիտ չէ:

Ամբաստանյալն ասաց, թե բավարար է համարում իր պաշտպանի ասածը, ավելացնելու ոչինչ չունի:

Ռեպլիկով հանդես եկավ մեղադրող Մկրտչյանը՝ անհամաձայնություն հայտնելով պաշտպանի ճառում հնչած դրույթների հետ, միաժամանակ նշեց, որ պաշտպանն իր ճառում վկայակոչում էր հանգամանքներ, որոնք չեն բխում գործով ձեռք բերված ու դատարանում հետազոտված հանգամանքներից:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գեղամ Հակոբյանը ևս ռեպլիկով հանդես եկավ պաշտպանի ճառի վերաբերյալ: Նշեց, որ այն զգացմունքային մոտեցում էր, չէր բխում գործի իրական հանգամանքներից: Դրա համար էլ առաջացրեց տուժողների վրդովմունքը:

Գ. Հակոբյանն ասաց, թե պաշտպանը փորձ արեց «դատարանի վրա ծանրացնել մեղադրանքը», թե դատահոգեբանական փորձաքննություն չնշանակելով՝ խախտել է ամբաստանյալի՝ արդար դատաքննության իրավունքը: Բայց դատարանն ամբաստանյալի ոչ մի իրավունք չի խախտել: Հանցանքի պահին ամբաստանյալը չի գտնվել անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Նա նախապես իր հետ դանակ է վերցրել ու առանց վիճաբանության՝ դանակով մահացու հարվածներ է հասցրել տուժողին: «Դատարանից պահանջում ենք առավելագույն պատիժ»,- ասաց ներկայացուցիչը:

Խոսեց նաև տուժողի իրավահաջորդը՝ սպանված երիտասարդի մայրը. «Ի՞նչ կուզի մայրը էս պահին… Իմ Ալբերտը եղել ա էն, ինչ եղել ա: Մենք՝ նրա ծնողները, չենք ամաչում, որ նման որդի ենք ունեցել… Ես խոնարհվում եմ իմ երեխայի ոտքերի առաջ, հարգում եմ նրա հիշատակը… Հույս ունենք, որ դատարանը ամենադաժան կերպով կպատժի հանցագործին, կնշանակի ամենածանր պատիժը… Մենք չենք կարողանում ազատվել իմ որդու ստացած 9 հարվածների դաժան ցավից… Ամեն արարքում իր պատիժը կա… Պահանջում եմ, որ դատարանը առավելագույն պատժից մի րոպե, մի վայրկյան անգամ չզիջի հանցագործին… Ես ուղղակի մայր եմ… Կորցրել եմ իմ լույսը, օդը, կյանքը… Ես անընդհատ ողբում եմ իմ երեխայի կորուստը ու չեմ կարողանում նրան վերադարձնել… Չզիջե՛ք, դատե՛ք ամենաարդար ու ամենածանր ձևով…»:

Հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 10-ին, ամբաստանյալ Ավետիք Մնացականյանը հանդես կգա վերջին խոսքով ու դատարանը կմտնի խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում