Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է բռնել և ոչնչացնել իսլամիստ Ջիհադի Ջոն մականունով ծայրահեղականին, որը կռվում է Սիրիայում ԴԱԻՇ-ի կողմից: Այս մասին բրիտանացի առաջնորդը հայտարարել է Sunday Telegraph թերթին տված հարցազրույցի ժամանակ, որը մասնավորապես նվիրված է եղել Քեմերոնի նախընտրական ծրագրին և կառավարության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու դեպքում ապագայի ծրագրերին:
Լրագրողի այն հարցին` ինչու Ջիհադի Ջոնը չի վնասազերծվել` չնայած այն հանգամանքին, որ նրա ինքնությունն ու անունը պարզվել են, Քեմերոնը երկար դադարից հետո պատասխանել է. «Սա շատ բարդ հարց է: Վախենում եմ` միանգամից չեմ կարող մեկնաբանել այն: Սակայն կարող եմ ասել, որ մենք կիրառում ենք մեր ձեռքի տակ գտնվող բոլոր միջոցները, որպեսզի գտնենք և ոչնչացնենք Բրիտանիայի թշնամիներին, և նա գլխավորում է այդ ցուցակը»:
Ահաբեկչին ոչնչացնելու խոստումը վարչապետը կարող է կատարել ընտրություններում հաղթելու դեպքում, որոնք նշանակված են մայիսի 7-ին: Բրիտանացի վարչապետի խոսքով` իր համար կարևոր չէ` Ջիհադի Ջոնին կբռնե՞ն, թե՞ կսպանեն:
«Սակայն ցանկանում եմ, որ նրան խաղից հանեն»,- հավելել է Քեմերոնը: