Ոչկառավարական կազմակերպությունների ակտիվիստները Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու տան մոտ ազգային արժույթի՝ լարիի սիմվոլիկ «թաղում» էին կազմակերպել, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
Նրանք «ողբում» էին լարիի «մահը»՝ բերելով կեղծ թղթադրամներով լի դագաղ։ «Թաղման» մասնակիցները պահանջում էին, որ Իվանիշվիլին և «իր կողմից վերահսկվող» կառավարությունը հեռանան վրացական քաղաքականությունից։
«20-ամյա կյանքից և երկու տարվա ծանր հիվանդությունից հետո լարին մահացավ։ Մենք եկել ենք այստեղ, որպեսզի նախկին վարչապետին ասենք, որ նա խաբում է ժողովրդին»,- ասաց «Ապրիորի» կազմակերպության ղեկավար Բեսո Շենգելիան։