Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում, երեկ՝ ժամը 19:50-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 33-ամյա Մխիթար Հակոբյանին և նրան թողնելով անօգնական՝ հեռացել վրաերթի վայրից: Վրաերթի ենթարկված Մ. Հակոբյանը տեղում մահացել է տեղեկացնում է Shamshyam.com-ը։
Վրաերթի ենթարկվածը այդ պահին եղել է իր վարած «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայով և կայանել է ավտոմեքենան ու փորձել է խոտանված անվադողը փոխել: Այդ ժամանակ վրաերթի է ենթարկվել:
ՃՈ աշխատակիցները կարճ ժամանակում պարզում են վրաերթի ենթարկած ավտոմեքենայի համարանիշները և պարզում են վրաերթ կատարածի ինքնությունը և բացատրական աշխատանքների արդյունքում վրաերթի ենթարկող-կասկածյալ՝ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 36-ամյա Հարություն Գրիգորյանին տեղափոխում են Ապարանի Ոստիկանություն:
Հայտնաբերվում է նաև նրա վարած Wolksvagen Vento մակնիշի 34 ԼՍ 194 համարանիշի ավտոմեքենան, որի վրա առկա էին վրաերթի հետքերը:
Կայքի տեղեկություններով՝ վրաերթի հետևանքով մահացածն ու վրաերթ կատարողը գործընկերներ են: Մահացած Մ. Հակոբյանը աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում որպես վարորդ, իսկ Հ. Գրիգորյանը` կրտսեր սերժանտի կոչումով` որպես ջոկի հրամանատար: