Կանադայի Հայ դատի հանձնախումբը սերտորեն աշխատել է խորհրդարանական Բրեդ Բաթի հետ (պահպանողական պատգամավոր Օնտարիոյի Միսիաուգա-Սթրիթսվիլ ընտրաշրջանից) առաջարկի վրա՝ ապրիլը հայտարարելու Ցեղասպանության հիշատակի, դատապարտման ու կանխման ամիս, և ամեն տարի ապրիլի 24-ը նշելու որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն։
Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ցեղասպանությունների կանխման և նախկինում տեղի ունեցած ցեղասպանությունների պատշաճ ճանաչման գործին նվիրված կանադացիներին՝ լսելի դարձնել իրենց ձայնն ու դիմել իրենց խորհրդարանի անդամներին՝ քվեարկելու այդ առաջարկի օգտին։
Կանադան պաշտոնապես ճանաչել է 4 ցեղասպանություններ՝ Հայոց ցեղասպանությունը (2004-ի ապրիլի 21), Հոլոքոստը, Գոլոդոմորը, Ռուանդայի ցեղասպանությունը։ Փաստաթղթի տեքստում ասվում է, որ այդ ցեղասպանություններից 3-ը հիշատակի օրեր ունեն ապրիլին, այդ իսկ պատճառով նպատակահարմար է ապրիլը հռչակել Ցեղասպանության հիշատակի, դատապարտման ու կանխման ամիս: