ԱՄՆ Սենատը երեկ երեկոյան միաձայն հավանության է արժանացրել բյուջետային բանաձևի փոփոխությունը, որը կոչված է պալատին հնարավորություն տալ օպերատիվորեն ուժեղացնել պատժամիջոցները Իրանի դեմ, եթե Թեհրանը խախտի միջուկային ծրագրի համաձայնագրի պայմանները: Այս մասին հայտնում է TASS-ը:
Այս որոշման օգտին իրենց ձայնն են տվել բոլոր 100 սենատորները: Փոփոխությունը հեղինակել է Իլինոյս նահանգի հանրապետական սենատոր Մարկ Քիրքը: Նրա խոսքով՝ նման որոշում ընդունելով՝ պալատը «քվեարկել է Միացյալ Նահանգների ու Իսրայելի անվտանգության օգտին»:
Փաստաթուղթը նախատեսում է Իրանի դեմ պատժամիջոցների սահմանման սկզբունք համաձայնագրի խախտման դեպքում։ Բացի այդ, այն ԱՄՆ կոնգրեսին թույլ է տալիս դիմել նման քայլերի, եթե ԱՄՆ նախագահը խորհրդարանականներին չկարողանա համոզել, որ Թեհրանը կատարում է համաձայնագրի բոլոր պայմանները:
Ուղղումը կընդգրկվի 2016 թվականի ֆինանսական տարվա դաշնային բյուջեի նախագծի հարցով սենատի բանաձևում: Տվյալ բանաձևը չունի ինքնուրույն օրենքի ուժ, սակայն հաշվի է առնվելու բյուջեի նախապատրաստական աշխատանքների ժամանակ:
Ներկայում սենատը շարունակում է քննարկել տվյալ փաստաթուղթը: