Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անհանդուրժելի է համարել տարածաշրջանում գերիշխելու Իրանի ձգտումը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Իրանը ձգտում է տարածաշրջանում գերիշխանության: Դա արդեն սկսել է զայրացնել ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի երկրներին: Դա իսկապես անհանդուրժելի է, և Իրանը պետք է դա տեսնի»,- հայտարարել է Էրդողանը Ստամբուլում մամլո ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Եմենում սկսված ռազմական գործողությունները:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Եմենի հակամարտությունը «աղանդավորական է», և Իրանին կոչ է արել դադարեցնել ապստամբ շիա հոուսիտներին աջակցությունը:
«Իրանը պետք է փոխի իր տեսակետը: Նա պետք է դուրս բերի Եմենում ունեցած բոլոր ուժերը, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում, և հարգի դրանց տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է նա: