Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին հինգշաբթի երեկոյան ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադ։ Չորեքշաբթի նա լքել էր Ադենում գտնվող պալատը, որտեղ թաքնվում էր շիա հուսիթ-ապստամբներից։ Նրա գտնվելու վայրն այնուհետև անհայտ էր։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ինչպես սպասվում է, Հադին կմասնակցի ԱՊԼ գագաթնաժողովին, որը շաբաթ օրը կանցկացվի եգիպտական Շարմ Էլ-Շեյխում։
Ավելի վաղ նախագահը դիմել էր ՄԱԿ ԱԽ՝ ռազմական ներխուժման իրականացմանը հավանություն տալու խնդրանքով՝ ուղղված հուսիթների ագրեսիայի զսպմանը։
Լույս հինգշաբթի գիշերը Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի երկրների իր մի քանի դաշնակիցներ ավիահարվածներ են հասցրել Եմենում հուսիթների օբյեկտներին։
Արաբական ավիացիոն կոալիցիայի հիմքը կազմում են Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Քուվեյթը, Կատարն ու ԱՄԷ-ն։ Նրանց աջակցելու որոշման մասին են հայտարարել Սուդանը, Մարոկկոն, Եգիպտոսն ու Պակիստանը։