Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

Վանաձորում 3 կին $15 հազարով 4-ամյա աղջնակ են փորձել վաճառել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Վանաձորի մանկատանը գտնվող 4-ամյա աղջնակի առուվաճառքի փորձի վերաբերյալ գործի դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին էին 53-ամյա Գեղեցիկ Վարդանյանը, 25-ամյա Աննա Էնգոյանը և երեխայի 29-ամյա մայր Սերինեն:

Աշտարակցի Գեղեցիկ Վարդանյանը երեխա վաճառելու գործում փորձառու է եղել: Նա 2009 թվականին դատվել էր երեխա վաճառելու, երեխա վաճառելու փորձի համար, վերջին հաշվով դատապարտվել էր 4 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի կրումից ազատվել էր պայմանական-վաղաժամկետ՝ 2011 թվականի փետրվարին:

Երկրորդ անգամ նա ձեռնամուխ է եղել երեխայի վաճառքի կազմակերպման գործին ու ձերբակալվել է գումար ստանալուց հետո: Նա այս գործով արգելանքի տակ է առնվել 2013 թվականի օգոստոսի 6-ին:

Լոռու մարզի բնակչուհի Աննա Էնգոյանը երեխայի առուվաճառքի կազմակերպման մեջ իր դերն է ունեցել՝ նա երեխայի մոր ու Գեղեցիկ Վարդանյանի միջև միջնորդ է եղել, բանակցող: Աննան միայնակ մայր է, խնամքին մեկ մանկահասակ երեխա ունի: Նա Գեղեցիկի հետ նույն օրն է արգելանքի տակ առնվել:

Գեղեցիկ Վարդանյանն ու Աննա Էնգոյանը մեղադրվել են երեխայի առուվաճառքի փորձը կազմակերպելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-168 հոդվածի 1-ին մասով:

Եվ վերջապես՝ երեխայի մայր Սերինեն, ով փաստացի բնակվել է Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում: 29-ամյա այս կինը անգրագետ է: Նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: Սերինեին մեղադրանք է առաջադրվել իր երեխային վաճառելու փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-168 հոդվածի 1-ին մասով:

Գործի քննությամբ պարզվել է, որ Ֆրանսիայի քաղաքացիներ, ամուսիններ Կայինները ՀՀ որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա իրավունք են ունեցել ՀՀ-ում երեխա որդեգրելու:

Այդ գործով զբաղվելու համար նրանք լիազորել են Ֆրանսիայի քաղաքացի, այս գործով վկա Ալլա Հ.-ին:

Ֆրանսիացի ամուսինները Ալլայի հետ 2013 թվականի հունիսի 4-ին ժամանել են Երևան, այցելել են մի քանի մանկատներ, բայց հարմար երեխա չեն կարողացել գտնել ու ձեռնունայն վերադարձել են Ֆրանսիա:

Ալլան, գտնվելով Ֆրանսիայում, պատահական անձանցից տեղեկացել է, որ Հայաստանում կա Գեղեցիկ անունով մի տիկին, ով ժամանակին զբաղվել է երեխաների «որդեգրման» հարցերով:

Մեկ ամիս անց՝ հուլիսին, Ալլան նորից եկել է Հայաստան, գտել է այդ Գեղեցիկին՝ Գեղեցիկ Վարդանյանին:

Վերջինս Ալլային տեղեկացրել է, որ Հայաստանում երեխա որդեգրելու գործընթացը կարժենա 15 հազար դոլար, որից 7 հազար դոլարը պետք է վճարվի երեխայի մորը, իսկ 8 հազար դոլարը պետք է տրվի որդեգրման ավարտին:

Գեղեցիկը այս կարգով «որդեգրման» համար «հարմար» երեխա է որոնել ու դիմել է Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի բնակչուհի Աննա Էնգոյանին: Նա այլ սակագնային տվյալներ է ներկայացրել լոռեցի միջնորդ Աննային: Ասել է, թե գնորդը երեխայի մորը պատրաստ է վճարել… 3 հազար դոլար, իսկ նրան՝ միջնորդին՝ 500 դոլար:

Աննան տեղյակ է եղել, որ իր համագյուղացի Սերինեն սոցիալապես վատ վիճակում լինելու պատճառով մանկահասակ՝ 2009 թվականին ծնված դստերը հանձնել է Վանաձորի մանկատուն:

Աննան խոսել է Սերինեի հետ՝ վերջինիս ներկայացնելով այլ սակագներ: Նա ասել է, թե երեխայի գնորդ կա, ով պատրաստ է երեխայի մորը վճարել… 2 հազար դոլար:

Անգրագետ Սերինեն համաձայնել է 2 հազար դոլարով վաճառել իր երեխային: Եվ Աննան Սերինեի համաձայնության մասին հայտնել է Գեղեցիկ Վարդանյանին: Գեղեցիկն էլ Ալլային ասել է, թե հարմար երեխային գտել են, առաջարկված գներով կարող են սկսել գործընթացը:

Սակայն Ֆրանսիայի քաղաքացի Ալլա Հ.-ն կասկածել է, որ իրեն անօրինական առաջարկ են անում, ու դիմել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

Հանցավոր արարքը բացահայտելու, հանցավորներին ի հայտ բերելու համար իրականացվել է «վերահսկելի գնում» գործողությունը, որի համար ներդրվել է քիմիական մշակման ենթարկված թղթադրամներով 7 հազար դոլար:

2013 թվականի օգոստոսի 5-ին Ալլա Հ.-ն Վանաձորում հանդիպել է Գեղեցիկին, Աննային ու Սերինեին:

Վերջինս նոտարական տարածքում հրաժարվել է իր դստեր նկատմամբ ծնողական իրավունքներից ու երեխայի հետագա դաստիարակությունից:

Նույն օրը՝ ժամը 18-ի սահմաններում, Ալլա Հ.-ն քիմիական մշակման ենթարկված 7 հազար դոլարը տվել է Գեղեցիկին՝ մնացած 8 հազար դոլարը հետագայում տալու պայմանով:

Գումարի փոխանցումից հետո Գեղեցիկը, Աննան, Սերինեն բերման են ենթարկվել ոստիկանություն՝ իրենց կամքից անկախ պատճառներով հանցանքը ավարտին չհասցնելով:

Գեղեցիկ Վարդանյանի անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է քիմիական մշակման ենթարկված 7 հազար դոլարը:

Գործով հարցաքննվել են նաև մարզպետարանների համապատասխան ծառայությունների պաշտոնյաներ, ովքեր նախապես զրույցներ էին ունեցել հանցավոր եռյակի հետ, բայց նրանց մասնակցությունը երեխայի առուվաճառքին չի ապացուցվել, չնայած՝ առանց որոշակի պաշտոնյաների մասնակցության «արհեստավարժ» Գեղեցիկը դժվար թե ձեռնամուխ լիներ երեխայի առուվաճառքի կազմակերպմանը: Հանցավոր շղթան արագ փակվել է երեք կանանց «օղակներով», արարքը մնացել է հանցափորձի տիրույթներում, ու բանը չի հասել հանցագործության ավարտական փուլին, որը կոռուպցիոն բովանդակություն կարող էր ունենալ:

Ամբաստանյալ Գեղեցիկ Վարդանյանն ընդհանուր իրավասության դատարանում իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել: Նա ասել է, թե մանկատներից մեկի տնօրենն է զանգել իրեն ու ասել, թե Ալլա անունով մեկը ցանկանում է Հայաստանում երեխա որդեգրել:

Ինքը հանդիպել է այդ Ալլայի հետ, լսել է նրան ու ասել է, թե ոչնչով չի կարող նրան օգնել: Այդ ժամանակ վիրահատել էին իր աչքերը, ինքը տեսողության հետ կապված խնդիրներ ուներ: Ալլան իրեն խնդրել է, որ օգնի որդեգրման հարցով: Ինքը մերժել է:

Ալլան նույն խնդրանքով իրեն զանգել է նաև մեկ ամիս անց:

Գեղեցիկը նշել է, թե Աննա Էնգոյանին ճանաչել է վաղուցվանից:
Նրա հետ պարբերաբար հեռախոսային խոսակցություններ է ունեցել:

Հերթական խոսակցության ժամանակ ինքն Աննային ասել է, թե մի կին կա արտերկրից, որ ցանկանում է Հայաստանում երեխա որդեգրել:

Աննան էլ իրեն պատմել է, որ համագյուղացի մի կնոջ օգնել է, որ նա երեխային հանձնի Վանաձորի մանկատուն: Եթե ցանկանում են, կարող են այդ երեխային որդեգրել:

Ինքն Աննային խնդրել է խոսել երեխայի մոր՝ Սերինեի հետ, ու հանդիպել Վանաձորում: Ասել է, որ որդեգրող կինն էլ կգա, իրար կտեսնեն:

Աննան Սերինեին մի քանի անգամ տարել է Վանաձոր, այնտեղ ինքն ու Ալլան հանդիպել են նրանց, գնացել են Վանաձորի մանկատուն, տեսել են երեխային: Հետո Ալլան ու Աննան կես ժամ առանձին խոսել են, ինքը չգիտի՝ ինչի մասին:

Գնացել են նոտարի մոտ, Սերինեն երեխայից հրաժարվելու դիմում է գրել: Ալլան ասել է, որ մաղարիչ կանի, եթե որդեգրման գործը ստացվի: Նա ասել է, որ 7 հազար դոլար է տալու՝ որպես մաղարիչ:
Գեղեցիկն նշել է, թե ինքը երեխայի մորը՝ Սերինեին, չի ճանաչել, առաջին անգամ նրան տեսել է նոտարի մոտ:

Ըստ Գեղեցիկի՝ Ալլան իր նախաձեռնությամբ է մաղարիչի գումարներ առաջարկել: Նա ասել է նաև, թե Ֆրանսիայից ծանրոցներ կուղարկի՝ հագուստ, այլ իրեր, միայն թե երեխայի որդեգրման հարցը ստացվի: Ինքն ամբողջ ընթացքում չի հասկացել, որ երեխայի առուվաճառք է տեղի ունենալու, կարծել է, թե որդեգրում է կատարվում: Եթե իմանար, որ երեխայի առևտուր է, չէր մասնակցի:

Գեղեցիկն ասել է, թե իրեն մեղավոր է ճանաչում այն բանի համար, որ ինքը առաջին խմբի հաշմանդամ լինելով, խնամքին ունենալով մեկ անչափահաս որդի ու մեկ հաշմանդամ դուստր, գտնվելով նյութական վատ վիճակում՝ հրապուրվել է Ալլայի առաջարկով ու նման քայլի է գնացել: Կատարածի համար զղջացել է, խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:

Աննա Էնգոյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել կատարածի համար, ասել է, թե չի գիտակցել, որ երեխայի առուվաճառք է տեղի ունենում:

Երբ ինքը Գեղեցիկի առաջարկի մասին խոսել է Սերինեի հետ, վերջինս մտածել ու տվել է իր համաձայնությունը:

Սերինեի հետ ինքը մի քանի անգամ գնացել է Վանաձոր, հանդիպել են Գեղեցիկի ու այլ մարդկանց հետ: Ճանապարհածախսը Գեղեցիկն է տվել: Նոտարի մոտ ինքն է երեխայից հրաժարվելու մասին դիմում գրել Սերինեի փոխարեն, ներկայացել է որպես Սերինեի մորաքրոջ աղջիկ, որովհետև Սերինեն անգրագետ է:
Գեղեցիկն իրեն շատ է զանգահարել, անգամ եղել է՝ ինքը զանգերին չի պատասխանել:

Սերինեն ասել է՝ եթե գումարը չտան, երեխայից չի հրաժարվի: Նոտարը չի հաստատել փաստաթղթերը, ասել է, թե վկաներ պետք է ներկա լինեն, որովհետև Սերինեն ոչինչ չի հասկանում:

Հաջորդ անգամ նոտարի մոտ են գնացել վկաների հետ, նոտարը զրուցել է Սերինեի հետ, վերջում հաստատել է երեխայից հրաժարականը:

Աննան նշել է, թե իրեն մեղավոր է ճանաչում այն բանի համար, որ օրենքը չիմանալով՝ 500 դոլարի համար Սերինեին տարել-բերել է: Ինքը չի գիտակցել, որ երեխայի առուվաճառք է տեղի ունենում, մտածել է, թե փողը որպես մաղարիչ են տալիս:

Աննան հայտնել է նաև, թե ինքն օգնել է ո՛չ առնողին, ո՛չ վաճառողին, ցանկացել է օգնել միայն երեխային, որ նրա կյանքը լավ դասավորվի, քանի որ գիտեր՝ Սերինեն ինչպես էր պահում նրան:

Կալանքի տակ գտնվող Աննան ասել է, որ զղջում է, խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել, ասել է, թե իր մանկահասակ երեխան գտնվում է իր հաշմանդամ մոր խնամքին:

Սերինեն դատարանում ասել է, թե աշխատում է որպես կթվորուհի: Իրեն մեղավոր չի ճանաչում երեխայի առուվաճառքի համար: Ինքը երեխային չի կարողացել պահել, որովհետև սոցիալապես վատ վիճակում է ապրում: Երեխային տարել է մանկատուն:

Դրանից հետո Աննան ասել է, թե երեխային ուզում են որդեգրել: Նա համոզել է, որ ինքը հրաժարվի երեխայից՝ ասելով, թե երեխային կտանեն, ապահով ձեռքերում լավ կպահեն:

Ինքն էլ մտածել է՝ ավելի լավ է՝ երեխան մանկատանը չմնա, ավելի լավ կլինի՝ ինքը հրաժարվի նրանից, ու նրան որդեգրեն:

Իրեն չեն ասել, թե երեխայից հրաժարվելու համար իրեն գումար են տալու: Իր ցանկությունն է եղել, որ երեխան ապահով ձեռքերում հայտնվի…

Սերինեն ասել է, թե 4 երեխա է ունեցել: 9 տարեկան որդուն իր ծնողներն են պահում, դուստրը մանկատանն է, մեկին երեխայի հայրն է պահում, մեկն էլ մահացել է…

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել երեք ամբաստանյալ կանանց մեղքը: Դատարանը հաշվի է առել, որ Գեղեցիկ Վարդանյանը նախկինում դատվել է նմանատիպ հանցանքի համար, նրա արարքում արձանագրվել է հանցագործության կատարման ռեցիդիվ:

Երեք ամբաստանյալներն էլ դատապարտվել են իրական ազատազրկման:

Գեղեցիկ Վարդանյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման:
Աննա Էնգոյանը և Սերինեն դատապարտվել են 2-ական տարի ազատազրկման:

Սերինեն կալանքի տակ կառնվի՝ դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո: Մյուս երկու ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում