Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը կարծում է, որ Մենի Պակյաոն մայիսի 2-ին Լաս-Վեգասում կայանալիք մենամարտում պարտության է մատնելու Ֆլոյդ Մեյուեյզերին:
«Պակյաոն հաղթելու է Մեյուեյզերին: Սեփական փորձով կարող եմ ասել, որ բռնցքամարտը չի ցանկանում, որ ինչ-որ մեկը կարիերան ավարտի անպարտելիի կարգավիճակում: Մերձամարտ է լինելու, և Պակյաոն հաղթելու է միավորների տարբերությամբ:
Այդ ժամանակ հարց կառաջանա՝ կշարունակի՞ մենամարտել Մեյուեյզերը: Կզգա՞ նա, որ բավականաչափ գումար է վաստակել, որպեսզի ասի. «Այլևս չպետք է մենարատեմ»,- Հոլիֆիլդի խոսքերը մեջբերում է Boxing Scene-ը:
Աշխարհի նախկին չեմպիոնը կարծում է, որ եթե Մեյուեյզերը պարտվի, միևնույնն է, ռևանշ մենամարտը ևս հնարավորություն է ընձեռելու խոշոր գումարներ վաստակել. «Մեյուեյզերի համար ձեռնոցները մեխից չկախելու լավ հնարավոություն է ստեղծվել: Ռևանշ մենամարտում նա ևս 100 մլն դոլար կվաստակի:
Բռնցքամարտի ղեկավարներն ամեն ինչ հենց այդպես կկազմակերպեն: Նրանք Մեյուեյզերին հնարավորություն չեն տա հեռանալ անպարտելիի կարգավիճակով, եթե, իհարկե, նրանց չխաբեն»: