Մարտի 18-ին միջազգային մեդիա ֆորումի ընթացքում Սերժ Սարգսյանի հայտարարությունը` կապված Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու անթույլատրելիության հետ, կարելի է ասել` աննախադեպ էր իր տոնայնությամբ, ձևակերպումներով և լսարանի ընտրությամբ: Ս. Սարգսյանն առաջին անգամ հստակ հայտարարեց, որ մեր ռազմավարական դաշնակցի նման պահվածքը կարող է վատ ազդեցություն ունենալ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների վրա` հավելելով, որ սա խնդիր է, որը պետք է լուծում ստանա: Հայաստանի նախագահի այս հայտարարությունից բառացիորեն ժամեր անց` մարտի 19-ի վաղ առավոտյան ադրբեջանական հատուկ նշանակության ուժեղացված խումբը մեր դիրքերի վրա հարձակում իրականացրեց, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ երեք զոհ և չորս ծանր վիրավոր:
Արդյոք իրադարձությունների նման հաջորդականությունն ընդամենը պատահականություն էր, թե կատարվածը որոշակի քաղաքական ուղերձ էր` ի պատասխան Ս. Սարգսյանի նշված հայտարարության, ինչպես նաև Հայաստանի` վերաթարմացող եվրոպական նկրտումների: Այս հարցի և Հայաստանի` Ս. Սարգսյանի բնորոշմամբ` վերջին եվրոպական շաբաթի արդյունքների շուրջ ԱՆՏԻՆՈՄԻԱՅԻ տաղավարում զրուցում են «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը և քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: