Ստամբուլում մոտ 5 հազար դեղատներ միահամուռ կերպով որոշել են անվճար դեղորայք չհատկացնել սիրիացի փախստականներին` պնդելով, որ պետությունը չի փոխհատուցում այդ դեղորայքը գնելու ծախսերը: Այս մասին գրում է Hurriyet պարբերականը:
Թուրքիայի դեղագործների ֆեդերացիայի նախագահ Նուրթեն Սայդանը հայտնել է, որ իշխանությունները պարտավորվել են փակել այն դեղորայքի ծախսերը, որոնք անվճար հատկացվում են սիրիացի փախստականներին: Ներկա պահին դեղատներին պետության պարտքը կազմում է 150 հազար թուրքական լիրա (մոտ 60 հազար դոլար):
«Ստամբուլցի դեղագործները մոտ 11 ամիս չեն վճարվել սիրիացի փախստականներին հատկացված դեղորայքի դիմաց: Դեղատները որոշել են դադարեցնել սիրիացիներին անվճար դեղորայք հատկացնելը և պետությունից պահանջում են իրենց ծախսերի փոխհատուցում»,- ասել է Սայդանը: