Մարտի 3-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կրակոցներ էին արձակվել, ինչի հետևանքով ծանր վիրավորվել էր 33-ամյա Արման Թադևոսյանը: Այդ օրը մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ էր. նշված դեպքի հետ կապված Երևան մտնող ավտոճանապարհներին զինված ոստիկաններ էին հերթապահել, ովքեր ստուգում էին մեքենաները: Տեղում Armlur.am-ի թղթակիցը ֆիքսել էր, թե ինչպես են իրավապահ մարմնի աշխատակիցները BMW մակնիշի ավտոմեքենայից դուրս բերում հրազեն: Մեքենայի վարորդը և ուղևորները տեղափոխվել էին բաժանմունք: Շրջանառվող լուրերի համաձայն՝ 33-ամյա Արման Թադևոսյանն ու կրակողները վիճաբանել են ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ: Armlur.am-ի հետ զրույցում, սակայն, Արման Թադևոսյանի մայրը՝ Ծովինար Թադևոսյանը, նշել է, որ իրեն հասած լուրերի համաձայն՝ որդին այդ ժամանակ մեքենայի ղեկին չի եղել:
«Տղաս կանգնած է եղել: Իմ իմանալով՝ դրանք մոտեցել են ու կրակել: Գյուղում խոսում են ինչ-որ մեզնից հեռու ապրող երկու տղաների մասին, բայց ես դրանց ընդհանրապես ո´չ ճանաչում եմ, ո´չ էլ երբևէ տեսել եմ: Ամուսինս էլ անկողնային հիվանդ է, ինքն էլ չգիտի: Չգիտենք՝ ով են, ինչ են»,- շարունակել է մեր զրուցակիցը: