Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը չի օգնի շախմատի Ռուսաստանի հավաքականին Հայաստանում կայանալիք աշխարհի թիմային առաջնությունում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մարկ Գլուխովսկին:
«Կրամնիկը չի մասնակցի աշխարհի թիմային առաջնությանը, քանի որ նույն օրերին Ադրբեջանում մասնակցելու է Վուգար Գաշիմովի հուշամրցաշարին»,- «Р-Спорт»-ը մեջբերում է շախմատի ֆեդերացիայյի գործադիր տնօրենի խոսքերը:
Գլուխովսկին հավելել է, որ Ռուսաստանի հավաքականի կազմը կորոշվի մարտի 8-ին ավարտվող Եվրոպայի անհատական առաջնությունից հետո:
Հիշեցնենք, որ աշխարհի 2015թվականի առաջնությունը կայանալու է ապրիլի 18-ից 29-ը Ծաղկաձորում: Նախորդ մրցաշարում` 2013 թվականին Թուրքիայում Ռուսաստանի հավաքականը նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Թիմի կազմում հանդես են եկել Կրամնիկը, Կարյակինը, Գրիշչուկը, Նեպոմնյաշչին, Վիտյուգովը: