Ուժեղ ձյան պատճառով հինգշաբթի օրը փակվել են Վաշինգտոնի կառավարական բոլոր հաստատությունները: Մայրաքաղաքի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել, հաղորդում է RIA Novosti-ն:
ԱՄՆ-ի ադմինիստրացիայի կադրային վարչությունը ծանուցել է եղանակային պայմանների պատճառով դաշնային բոլոր ենթակառուցվածքների պաշտոնական փակման մասին: Ինչպես նշվում է, «աշխատակիցները, որոնց աշխատանքն անհետաձգելի է, պետք է աշխատեն իրենց գերատեսչությունների կանոններին համաձայն, այդ թվում նաև հեռակա ռեժիմով»:
Դրա հետ մեկտեղ հետաձգվել են Սպիտակ տան և պետդեպարտամենտի, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի պարբերական ճեպազրույցները:
Իսկ Կոնգրեսը «երկար հանգստյան օրեր» էր սկսել դեռ չորեքշաբթի օրը: Լրագրողները նշել են, որ ամերիկացի օրենսդիրներին ոչինչ այնքան չի համախմբում, որքան ձյան մասին կանխատեսումները:
Մինչդեռ, քաղաքային մետրոն աշխատում է առանց խափանումների: Իսկ ավտոբուսները միայն մեծ փողոցներով են անցնում, քանի որ նեղ փողոցները անանցանելի են:
Օդերևութաբանների կանխատեսումնեով՝ մինչև ուշ երեկո ձյուն կտեղա: