Այսօր ԲՀԿ արտահերթ համագումարից հետո ԲՀԿ նորանշանակ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ կուսակցությունում առաջիկայում պետք է ստեղծվի նոր ղեկավար պաշտոն՝ կուսակցության քաղխորհրդի նախագահի պաշոնը:
Կուսակցական այդ պաշտոնը ստեղծելու համար ԲՀԿ-ն առաջիկայում պետք է դիմի արդարադատության նախարարություն՝ կուսակցության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելու համար:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նորաստեղծ այդ պաշտոնը ստեղծվում է Աբրահամ Մանուկյանի համար: Հիշեցնենք, որ 2007թ․ նման նախադեպ եղավ նաև Հանրապետական կուսակցության դեպքում, երբ ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի համար ստեղծվեց ՀՀԿ խորհրդի նախագահի պաշտոնը: Այն ժամանակ ՀՀԿ նախագահը Անդրանիկ Մարգարյանն էր:
«Առաջին լրատվական»-ը երեկ տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ում ստեղծված վերջին իրադարձություններից հետո Աբրահամ Մանուկյանը ցանկանում էր լքել կուսակցությունը: Նա նախ համաձայն չի եղել այն որոշման հետ, որ Ն. Զոհրաբյանը պետք է լինի ԲՀԿ նախագահ, ապա ընդդիմացել է, որ փոխնախագահ պետք է լինի Վարդան Վարդանյանը: Ի դեպ, հենց վերջինս այսօր ԲՀԿ արտահերթ համագումարով ընտրվել է կուսակցության փոխնախագահ: Եվ ահա հավանաբար Ա. Մանուկյանի հետ ներկուսակցական խնդիրները հարթելու համար էլ ԲՀԿ-ում ստեղծվում է քաղխորհրդի նախագահի պաշտոնը:
Ի դեպ, հենց Ա. Մանուկյանն էլ այսուհետ պետք է հոգա կուսակցության ֆինանսական հիմնական ծախսերը: