«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ վաղը կայանալիք ԲՀԿ համագումարում ընտրվելու են քաղխորհուրդ և կուսակցության նախագահ, որը միաժամանակ քաղխորհրդի նախագահն է լինելու: Կուսակցության քաղխորհուրդն իր հերթին պետք է ընտրի կուսակցության քաղխորհրդի նախագահի տեղակալ:
ԲՀԿ կանոնադրության համաձայն՝ կուսակցության քաղխորհրդի նախագահի տեղակալի թեկնածությունը առաջադրում է կուսակցության նախագահը, որը հաստատվում է քաղխորհրդի քվեարկությամբ: Այսօր քաղխորհրդի նախագահի տեղակալը Սամվել Ադամյանն է, որի անձը քիչ հայտնի է հայ հանրությանը:
Մեր տեղեկություններով՝ վաղը կայանալիք համագումարում քաղխորհրդի նախագահի տեղակալի համար պետք է առաջադրվի Վարդան Վարդանյանի թեկնածությունը: Սակայն Աբրահամ Մանուկյանի թիմը փորձելու է խոչընդոտել Վարդանյանի թեկնածության հաստատմանը: ԲՀԿ անդամներն ասում են, որ Մանուկյանին դա դժվար թե հաջողվի, քանի որ Վարդանյանը կանգնած է կուսակցության ձևավորման ակունքներում, եղել է նախընտրական շտաբի ղեկավար և վայելում է ԲՀԿ-ականների մեծամասնության վստահությունը: