Microsoft ընկերության համասեփականատեր, միլիարդատեր Փոլ Ալենը հայտարարել է, որ Ֆիլիպինների շրջանում` Վիսայան կղզիների մերձակայքում, Ճապոնիայի ռազմածովային ուժերի մեծ ռազմանավ է գտել: Նավը ոչնչացվել է 70 տարի առաջ` Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, ԱՄՆ նավերի հետ պայքարում: Twitter-ի իր էջում գործարարը տեղադրել է ծովի հատակի լուսանկարը, որում երևում է նավը:
Հիշեցնենք, որ ճապոնական ամենախոշոր ռազմանավերից մեկը` «Մուսասի»-ն, ջրասույզ է արվել 1944-ին: Փոլ Ալենը ստորջրյա ռոբոտ-սարքավորումների միջոցով վերջին 8 տարիներին դա էր փնտրում:
Ալենի թիմի կողմից արված տեսաժապավեններում երևում են ինքնաթիռների համար նախատեսված ինքնանետիչները, թնդանոթային աշտարակը և խարիսխը: Հաջողվել է լուսանկարել նաև Ճապոնիայի կայսեր կնիքը`քրիզանթեմի տեսքով: