«Վոլֆսբուրգ»-ի հարձակվող Բաս Դոստը շարունակում է գերարդյունավետ ելույթները: Voetbal International պարբերականի փոխանցմամբ՝ հարձակվողը եվրոպական առաջատար առաջնություններում խփած գոլերի ժամանակային միջին տևողությամբ առաջին տեղում է:
Մարտի 1-ին «Վերդեր»-ի հետ խաղում դուբլից հետո հոլանդացի հարձակվողը շրջանցել է Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը:
Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողն անցկացրել է 12 խաղ՝ խփելով 13 գոլ: 1 գոլ խփելու համար ֆուտբոլիստից պահանջվում է միջինում 63 րոպե:
Ռոնալդուն, ով Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 22 խաղ է անցկացրել ու 30 գոլ խփել, գոլի հեղինակ է դառնում յուրաքանչյուր 65.6 րոպեին: Այդուհանդերձ, Դոստը 11 մետրանոցներ չի իրացնում, մինչդեռ Ռոնալդուն 30 գոլերից 9 խփել է նշակետից:
Առաջին եռյակը եզրափակում է Լիոնել Մեսսին (27 գոլ, 25 խաղ, միջինը՝ 82 րոպե):