«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 16-ին Կոտայքի մարզի Հանքավան համայնքում երեկոյան երկու հոգի նռնակով ու դանակով մտել էին գյուղի բնակիչ Վարդուհի Չիչյանի տուն և գումար պահանջել: Հանցագործներին «դիմավորող» Վարդուհին տանը եղած 1 միլիոն 200 հազար դրամն իր ձեռքով տվել է դիմակավորված անձանց: Այսօր արդեն տիկին Վարդուհու որդիներից մեկն է կասկածվում կատարվածում:
Հանքավան համայնքի բնակիչ Վարդուհի Չիչյանն ունի 4 որդի և մեկ դուստր: Տղաներից մեկն ապրում է Մասիս քաղաքում, երկրորդը Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի է մեկնել, իսկ, ահա, մյուս երկու որդիները ապրում են Հանքավան գյուղում:
Պարզեցինք, որ Վարդուհի Չիչյանը Հանքավանի բազմաբնակարան շենքում ապրում է իր որդիներց մեկի հետ: Դեպքի օրը Վարդուհու ամուսինը, հարսը և որդին հրավիրված են եղել Արարատի մարզ՝ հարսանիքի, իսկ տանտիրուհին մնացել է տանը, իր թոռնիկների հետ:
«Երբ հիշում եմ կատարվածը, սթրեսիի մեջ եմ ընկնում: Մեր ընտանիքը դառը քրտինքով աշխատող ընտանիք է: Որդիս ու ես նույն շենքում ենք ապրում, ուղղակի ես մի հարկ վերև եմ իրենցից բնակվում: Ամբողջ ցերեկը տղայիս տանն եմ լինում, իսկ երեկոյան իմ տուն եմ բարձրանում: Փետրվարի 16-ի երեկոյան ժամը 3-ի 4-ի սահմաններն էր, տան դուռը երեք անգամ կտկտացրեցին: Մտածեցի, թե տղայիս երեխեքն են, մի բան է պետք, բարձրացել են իմ մոտ: Ի՞նչ մտածեմ, թե ուրիշ մեկը կլինի: Մի խոսքով, այդ կտկտոցին պատասխանեցի և ասեցի` հըն, և այդ ժամանակ ինձ կամաց ձայնով մեկը ասաց` բաց»:
Եվ այսպես, երկու հոգի հարձակվել են կնոջ վրա և հարվածել նրան. «Ընկա գետնին, գլուխս բարձրացի, տեսա երկու հոգու՝ դիմակներով, դանակ կար ձեռքներին ու նռնակ: Այդ տղաներից մեկն ինձ ասաց, թե՝ ձենդ կտրի՛, մի ծպտուն չհանե՛ս: Հետո այդ դիմակավորվածներից մյուսը ասաց, թե՝ մենք գիտենք, որ քո մարդուն լավ էլ փողեր ու դոլարներ ունի, դավայ, շուտ հանի՛: Ասի՝ տղեք ջա՛ն, հիվանդ կին եմ, ինձ ձեռք մի՛ տվեք: Բերեցի դողդղալով այդ տան եղած 1 միլիոն 200 հազար դրամը տվի, ու թողեցին, գնացին»:
Կատարվածից հետո տիկին Վարդուհին ուշագնաց է եղել, իսկ երբ ուշքի է եկել, տեսել է հարազատներին, որոնք կատարվածից վախեցած՝ այս ու այն կողմ են վազել. «Բան չեմ հիշում. միայն տղաներից մեկը բարձրահասակ էր, մյուսը՝ կարճահասակ: Մեկի հագին «վայեննի» կանաչ գույնի շոր էր: Ախր, անասուն ունեինք, դժվարությամբ պահել էինք ու հոկտեմբեր ամսին վաճառել էինք: Իսկ այդ գումարը վատ օրվա համար էինք պահել: Որ իմանայի՝ սենց բան կլիներ, հո տանը չէի պահի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։