Մարտի 3-ին սկսվել է Չիլիի հարավում գտնվող Վիլյարիկա հրաբխի ժայթքումը և որոշ տվյալների համաձայն՝ 20 րոպե է տևել: Հրաբխին մոտ գտնվող քաղաքներում ահազանգի «կարմիր» ազդանշան է հայտարարվել: Երկրի ՆԳ նախարար Ռոդրիգո Պենալիլոյի խոսքերով՝ իշխանությունները 3385 մարդու են տարհանել, հաղորդում է BBC-ն:
Նախագահ Միշել Բաչելետը ժայթքումից գրեթե երեք ժամ անց իր նստավայրում նախարարների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել: Նա պատրաստվում է անձամբ դեպքի վայր մեկնել, որպեսզի կարողա գնահատել իրավիճակը:
2847-մետրանոց հրաբխից ժայթքած մոխիրը ընդամենը 1000մ է բարձրացել և չի հասցրել վնաս հասցնել:
Ներկա պահին հրաբուխը հանդարտվել է, և բնակիչներին թույլ են տվել վերադառնալ իրենց տները: Երկրաբանության ազգային ծառայությունից հայտնել են, որ իրավիճակը վերահսկվում է: Սակայն իշխանություններն անհանգստանում են, որ լավան և տապը կարող են հալեցնել հրաբխի վրա գտնվող սառցադաշտերը, ինչն էլ կարող է սողանքների պատճառ դառնալ: Դրանից բացի, լեռնային Ռիո Տուրբիո գետը բարձրացել է 4.5 մետրով: