Ռուսաստանի կառավարության նախկին փոխնախագահ Ալֆրեդ Կոխը գերմանական Bild պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Բորիս Նեմցովի սպանությունից հետո ինքը մտահոգվում է իր կյանքի համար: «Վախենում եմ, որ հաջորդը ես կլինեմ»,- ասել է Կոխը:
Կոխի խոսքերով` անցյալ տարվա աշնանը ինքը «եռօրյա գաղտնի հանդիպում է կազմակերպել ռուսական ընդդիմության ներկայիս և նախկին առաջնորդների միջև գերմանական Վերին Բավարիայի գյուղերից մեկում»: Դրան մասնակցել են Բորիս Նեմցովը, Միխայիլ Խոդորկովսկին և «ռուսական կառավարության շատ այլ նախկին անդամներ», որոնց նախկին քաղաքական գործիչը անուն առ անուն չի թվարկել:
Զրույցի ժամանակ ընդդիմադիրները «Վլադիմիր Պուտինի իշխանությունը կոտրելու միջոց են փնտրել»: Մասնակիցներից մեկը` Վրաստանի նախկին նախարարներից և Պուտինի թշնամի Կախա Բենդուկիձեն, մահացել է հանդիպումից հետո մի քանի շաբաթ անց` իբր թե սրտի հետ կապված խնդիրների պատճառով:
«Վախենում եմ, որ նա և Նեմցովը վերջինը չեն կյանքին հրաժեշտ տվող մարդկանց ցուցակում»,- հավելել է Կոխը: