Իրանը զիջումներ չի անի Վաշինգտոնին Թեհրանի միջուկային ծրագրի ապագայի վերաբերյալ բանակցություններում: IRNA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին շվեյցարական Մոնտրյո քաղաքում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«Իրանը երբեք չի կատարի չափազանց և անտրամաբանական պահանջները, որոնք առաջ է քաշում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցային գործընթացի հակառակ կողմը»,- ասել է նա:
Զարիֆի արձագանքը հետևել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պահանջին, ով հայտարարել է, որ Իրանը պետք է համաձայնի իր միջուկային գործունեությունը սառեցնել 10 տարով: Նախարարը նաև նշել է, որ «այդպիսի հայտարարությունները չեն կարող կոտրել խաղաղ միջուկային տեխնոլոգիաներ ունենալու` Իրանի ժողովրդի կամքը»:
«Բանակցությունները, անկասկած, Իրանի միջուկային խնդրի կարգավորման միակ միջոցն են: Եվ ոչ մի այլ ընտրություն չկա»,- Զարիֆի խոսքը մեջբերում է Fars գործակալությունը: