BlackBerry-ն ներկայացրել է BlackBerry Leap սմարթֆոնը, որը կոչված է փոխարինելու 1 տարի առաջ թողարկված Z3 մոդելին՝ հայտնում է Reuters-ը:
Գործակալությունը նշում է, որ նոր մոդելը կոչված է հաճախորդներ ներգրավել առաջին հերթին զարգացող շուկաներում, որտեղ BlackBerry-ի հաճախորդների մեծ բազա է պահպանվել: Մոդելի շնորհանդեսը տեղի է ունեցել Բարսելոնում Mobile World Congress (MWC) միջազգային ցուցահանդեսում: Սպասվում է, որ սմարթֆոնը վաճառքի կհանվի ապրիլին, այն կարժենա 275 դոլար:
Բացի դրանից՝ ընկերությունը հայտնել է, որ ծրագրում է առաջիկա ամիսներին ներկայացնել ևս երկու մոդել՝ երկուսն էլ ստեղնաշարով: Նոր սարքի միջոցով BlackBerry-ն հույս ունի վերադարձնել իր դիրքերը սմարթֆոնների ոլորտում: «Մենք ակնկալում ենք, որ կկայունացնենք եկամուտներն ու կվերադառնանք աճին»,- ասել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Չենը: