Ֆրանսահայ ցուցարարը, որպես բողոքի նշան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, հյութ է լցրել Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքքը Աքիլի վրա, երբ վերջինս մարտի 2-ին ելույթ էր ունենում Փարիզում:
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության տվյալներով՝ թուրք դիվանագետը ելույթ է ունեցել Փարիզի Դեսկարտեսի իրավաբանական ֆակուլտետում՝ «Թուրքիա և Եվրոպա. Ֆրանսիան և Թուրքիայում աշխարհիկությունը, բարդություններն ու վտանգները» վերտառությամբ գիտաժողովին: Աքիլի ելույթի ժամանակ էլ սրահում գտնվող հայ երիտասարդը թուրք դեսպանի վրա նռան հյութ է լցրել:
Ավելի ուշ անվտանգության աշխատակիցները ձերբակալել են բողոքի ակցիան իրականացրած հայ երիտասարդին: Նրա դեմ արդեն բողոք է ներկայացվել իրավապահ մարմիններ:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ «գրոհից» հետո թուրք դեսպանը շարունակել է ելույթը: