Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաղթել է Բուենոս-Այրեսի մրցաշարում: Եզրափակչում նա 6:4, 6:1 հաշվով առավելության է հասել արգենտինացի Խուան Մոնակոյի նկատմամբ: Մրցավեճը տևել է 1 ժամ 26 րոպե:
Այսպիսով՝ Նադալը նվաճել է մարզական կարիերայի 65-րդ տիտղոսը: Նա նախորդ տիտղոսը նվաճել էր 2014թ.՝ հաղթելով «Ռոլան Գարոս»-ում:
«Բոլոր տիտղոսները յուրահատուկ են, բայց իսկապես ուրախ եմ, քանի որ արդեն երկար ժամանակ չեմպիոն չէի եղել:
Այս հաղթանակը շատ կարևոր է, քանի որ փորձում եմ նորից վստահություն ձեռք բերել ուժերիս նկատմամբ»,- Նադալի խոսքերը մեջբերում է մրցաշարի պաշտոնական կայքը: