ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ միջազգային «վեցյակին» պետք է «վստահության վարկ» տրամադրվի, որպեսզի նրանք փորձեն Իրանի հետ բանակցություններում վերջնական համաձայնության հասնել Թեհրանի միջուկային ծրագրի հարցում: Այս մասին նա ասել է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մենք հուսով ենք, որ դիվանագիտությունը կարող է աշխատել: Հաշվի առնելով միջանկյալ համաձայնության դեպքում մեր հաջողությունը՝ կարծում եմ՝ մենք արժանի ենք վստահության վարկի»,- ասել է Քերին:
«Վստահության վարկի» վերաբերյալ Քերիի խնդրանքը հնչել է որպես հեռակա բանավեճ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որը մարտի 3-ին հանրապետական ընդդիմության հրավերով ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում: Սպասվում է, որ իր խոսքում նա հանդես կգա Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման դեմ:
Նեթանյահուի այդ դիրքորոշումը, ինչպես նաև նրա համաձայնությունը՝ ելույթ ունենալ Կոնգրեսում՝ ի հեճուկս Բարաք Օբամայի վարչակազմի կարծիքի, արդեն լարվածություն են առաջացրել երկու երկրների կառավարությունների միջև: Սակայն Քերին այսօր փորձել է թուլացնել լարվածությունը՝ հայտարարելով. «Իհարկե, ԱՄՆ-ում միշտ ուրախ են Նեթանյահուի հայտարարությունների համար»:
Քերին նաև նշել է, որ ավելի լավ է՝ Իրանի միջուկային խնդիրը փորձել կարգավորել խաղաղ ճանապարհով և դրա համար օգտագործել բոլոր հնարավորությունները, քան փորձել հարցը լուծել ռազմական գործողությունենրի միջոցով, «որոնց ստիպված կլինեն դիմել նորից ու նորից»: Միաժամանակ, նա նշել է, որ «չի կարող խոստանալ», որ Իրանի հետ համաձայնագիր ձեռք կբերվի, ասել է նա:
Նա նաև ասել է, որ լավատես է, քանի որ Իրանը կատարում է նախորդ տարվա պայմանավորվածությունը՝ միջազգային պատժամիջոցների որոշակիորեն թուլացնելու դիմաց իր միջուկային գործունեությունը դադարեցնելու մասին: