Մոսկվայում ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը դարձել է սրբազան զոհ՝ երկրում քաղաքական վիճակը ապակայունացնելու համար: Այս մասին հայտարարել են Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեում՝ գրում է Russian Today-ը:
Գերատեսչության ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի խոսքերով՝ արդեն հարցաքննվել են դեպքի վկաներն ու ականատեսները, իսկ մասնագետներն ուսումնասիրում են տեսախցիկների ձայնագրությունները: Հետաքննությունը նաև ստուգում է սպանության հնարավոր կապը ներուկրաինական իրադարձությունների և Փարիզում Charlie Hebdo պարբերականի խմբագրատան վրա հարձակման կապակցությամբ Նեմցովի դիրքորոշման հետ:
«Ներկա պահին հետաքննությունը դիտարկում է մի քանի տարբերակներ՝ սպանությունը՝ որպես սադրանք, երկրում քաղաքական վիճակը ապակայունացնելու համար, և Նեմցովի կերպարը կարող էր դառնալ յուրօրինակ սրբազան զոհ նրանց համար, ովքեր իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար ոչ մի մեթոդի առջև կանգ չեն առնում: Մանրակրկտորեն մշակվում է նաև վարկածը՝ կապված իսլամիստական-ծայրահեղական հետքի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
«Չնայած Բորիս Նեմցովի սպանության պահից հաշված ժամեր են անցել՝ մեզ հաջողվել է հսկայական աշխատանք կատարել: Հարցաքննվել են դեպքի վկաներն ու ականատեսները: Ի դեպ, կարելի է արդեն ասել, որ բացի Բորիս Նեմցովի ընկերուհուց, ով կամրջի վրա նրա հետ է եղել, կան այդ հանցագործության նաև այլ ականատեսներ, որոնք ևս տալիս են անհրաժեշտ ցուցմունքներ»,- հայտարարել է Մարկինը: