Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունը Երևանի վարչական շրջանների հետ համատեղ շարունակում է սիրիահայ ընտանիքների համար իրականացվող սոցիալական և տարաբնույթ այլ ծրագրերի շարքը: Այդ համատեքստում Երևան քաղաքում բնակվող, հոգեբանական խորհրդատվության կարիք ունեցող սիրիահայերի համար նախաձեռնվել է հոգեբանական աջակցության և ծառայությունների մատուցման ծրագիր՝ տարիքային հոգեբան, հոգեբանության գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վոլոդյա Կարապետյանի և մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Սարգսյանի մասնակցությամբ:
Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը հանդիպման ընթացքում նշել է, որ սա իրավիճակով թելադրված խիստ անհրաժեշտ ծրագիր է, որը մեծ կարևորություն ունի հատկապես սիրիահայերի համար: Ծրագիրը, սակայն, կշարունակվի ոչ միայն սիրիահայերի հետ: Ծրագրի մասնակիցներից ոմանց հետ, ըստ անհրաժեշտության, կտարվի նաև հոգեբանի անհատական աշխատանք: Ներկաները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին ոչ միայն տարաբնույթ ծրագրերով իրենց հանդեպ դրսևորվող հոգածության, այլև սոցիալական այս կարևոր աջակցության համար: