Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է «Եվրատեսիլ 2015»-ի համար ձևավորած հայկական «Genealogy» խմբի չորրորդ արմատներով հայ մասնակցի անունը: Ասիա աշխարհամասը կներկայացնի երգչուհի Ստեֆանի Թոփալյանը:
Ստեֆանին երգչուհի է, երգահան և դերասանուհի, որն այժմ բնակվում է Տոկիոյում:
Հիշեցնենք, որ ստեղծված նոր խումբն այս տարվա համաեվրոպական մրցույթին կներկայանա «Don’t deny» («Մի ժխտիր») երգով: Կարևորելով խաղաղության, միասնության և հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ընդգրկվելու են ծագումով հայ 5 երգիչներ, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները:
«Genealogy» խմբի հինգերորդ մասնակցի անունը հայտնի կդառնա մարտի 3-ին: Նա կներկայացնի Ավստրալիա աշխարհամասը: