ԱՄՆ հատուկ ծառայությունները Ռուսաստանից կիբերհարձակումների սպառնալիքը գնահատում են առավել լուրջ, քան համարվում էր նախկինում: Այս մասին հայտարարել է Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը՝ փոխանցում է BBC-ն:
Քլեփերի խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ձևավորում է ստորաբաժանում, որը կարող է ղեկավարել քարոզչությունը և հակառակորդների համակարգչային համակարգերը վարակել վնասակար ծրագրերով:
Չինաստանը ևս էական սպառնալիք է ներկայացնում: Իսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան և Իրանը, «ունեն ավելի քիչ տեխնիկական հնարավորություններ, սակայն, հավանաբար, առավել կործանիչ մտադրություններ»՝ հայտարարել է Քլեփերը: