Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը հրատապ և արագացված ռեժիմով քննարկում էր տնտեսությանը վերաբերող միանգամից երեք օրինագծեր, որոնց նպատակը Ռուսաստանի հետ կործանվող Հայաստանի տնտեսությունը փրկելն է: Կառավարությունը շարունակում է փորձել ներդնել փաստաթղթաշրջանառությունը մանրածախ առևտրում, փորձում է խթանել արտահանումը:
Եթե առանձին-առանձին վերցնում ենք, ապա այս քայլերը իրենց մեջ կարող են պարունակել իրավիճակ փոխելու անկեղծ ցանկություն: Կարող են փոխել, թե ոչ` դա արդեն այլ հարց է: Սակայն սրանցում առկա ամենամեծ ցանկությունն իրականում ոչինչ չփոխելն է: Սա է կառավարության ամենամեծ ցանկությունը, և հենց ոչինչ չփոխելու համար էլ նախաձեռնվում են այդ օրինագծերը, որոնք ըստ էության քիչ առնչություն կամ որևէ առնչություն չունեն Հայաստանի իրական տնտեսական խնդիրների հետ:
Եվ ուրեմն Հայաստանում կա՛մ ամեն ինչ կարող է փոխվել՝ կամ ամեն ինչ կփոխվի, կա՛մ չի փոխվի ոչինչ: Իսկ ամեն ինչ փոխել, նշանակում է սկսել մենաշնորհների դեմ պայքարից, իրական ազատ մրցակցություն ապահովելուց, սեփականության իրավունքի և մրցակցության պաշտպանության հստակ դատաիրավական համակարգ ձևավորելուց, նշանակում է սկսել պետական պաշտոններն անձնական բիզնեսների համար արտոնություն ապահովելու գործիք չդիտարկելուց և չկիրառելուց: Քանի դեռ Հայաստանում ակտիվ ու լայն թափով չեն սկսվել քայլերն այս ուղղությամբ, քանի դեռ Հայաստանի տնտեսությունը մի քանի ընտանիքի տնտեսություն է, որևէ օրենք ի վիճակի չի լինելու որևէ բան փոխել այդ ընտանիքների շրջանակներից դուրս:
Իրավիճակն արդեն այնքան հին է, ծանոթ ու պարզ, որ հեռու ենք այն մտքից, որ իշխանությունները, կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը չեն գիտակցում այս ամենը: Չեն կարող չգիտակցել ու չպատկերացնել, որովհետև եթե հասարակությունը իր վրա այս իրավիճակի հետևանքներն է զգում, կրում, ապա վերը թվարկած սուբյեկտները այս ամենի պտուղներն են քաղում: Եվ ահա, հենց այս իրողությունն է պատճառը, որ նրանք փորձում են ինչ-որ օրենքներ բերել՝ անկեղծորեն ձգտելով փոխել իրավիճակը, որպեսզի ճգնաժամը չհարվածի իրենց էլ, սակայն ոչ մի քայլ չեն անում ռեֆորմների ուղղությամբ, որովհետև այս դեպքում արդեն ստիպված կլինեն հասարակության հետ փոխվել տեղերով, և մարդիկ կքաղեն արդեն ռեֆորմների պտուղները, իսկ իշխանությունները ստիպված կլինեն անձնական գերշահույթներից հրաժարվելով վճարել այդ ռեֆորմների գինը:
Ահա թե ինչու ուզում են ինչ-որ բաներ փոխել առանձին-առանձին, որ չփոխվի ընդհանուր դրվածքն ու համակարգը: Չի ստացվելու, առանձին քայլերն արդեն անկենսունակ են, և սա նույնիսկ համաշխարհային մակարդակով է գիտակցվել, որ ճգնաժամից դուրս գալու համար աշխարհակարգը պետք է փոխել, և ներկայումս զբաղվում են դրանով: Հայաստանը չի կարող դուրս մնալ, չեն թողնի դուրս մնալ: